Գլիկերիա Կոցուլա, հայտնի է պարզապես Գլիկերիա բեմական անունով (Γλυκερία Κοτσούλα, նոյեմբերի 16, 1953(1953-11-16), Agio Pnevma), հույն ժամանակակից հանրաճանաչ երգչուհի, որ համերգային տպավորիչ ելույթներով հանդես է եկել Հունաստանում, Կիպրոսում, Իսրայելում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր, երեք տասնամյակից ավելի ձգվող իր արտիստական գործունեության ընթացքում թողարկել է բազմաթիվ պլատինե ձայնասկավառակներ ու երաժշտական ալբոմներ։ 2010 թվականիմարտի 14-ին հունական Ալֆա-TV-ին (Alpha TV), ամփոփելով անցկացված հարցումների արդյունքները, հայտարարեց, որ Գլիկերիան երրորդ տեղն է զբաղեցրել երաժշտության ձայնագրման դարաշրջանում՝ հունական համազգային երաժշտական լեյբլում՝ հույն ամենատիտղոսավոր երաժիշտների շարքում[2]։
Ծնվել է 1953 թվականինՀունաստանիՑերերա քաղաքի մերձակա Ագիո Պնևմա գյուղում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1974 թվականին, Հաջիդակիսի, Թեոդորակիսի, Լուիի երգերի կատարումներով։ 1978-ին Ապոստոլոս Կալդարսի հետ թողարկել է «Մի՛ երազիր» ալբոմը, երկու տարի անց՝ 1980-ին, իր առաջին անհատական ձայնասկավառակը։ Հաջորդել են նորանոր ձայնասկավառակներ ու ալբոմներ, որոնք վաճառվել են միլիոնավոր օրինակներով և ավելի ամրապնդել ու տարածել երգչուհու համբավը որպես հունական, և ո՛չ միայն հունական, երգերի լավագույն կատարողի։ 1986 թվականին Գլիկերիան համերգային մեծ ու տպավորիչ շրջագայություն է կատարել Կիպրոսով, Անգլիայով, Ավստրալիայով, ԱՄՆ-ով, Կանադայով։ 1994-ին համերգներով շրջել է Իսրայելի քաղաքներով, թողարկել "Gold Hits" ալբոմը, որի մեծ տպաքանակը կարճ ժամանակում սպառվել է։ Երգչուհուն առանձնապես ջերմորեն են ընդունել Երուսաղեմում, որի քաղաքապետարանը նրան արժանացրել է բարձր պատիվների։ Գլիկերիան 1990-ական թվականներին դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչներից մեկը Իսրայելում, արժանացել այդ երկրի վարչապետ Իցհակ Ռաբինի հատուկ ընդունելությանը (վերջինս հիացած էր նրանով)։
2006 թվականին՝ Իսրայելի ու Լիբանանի միջև ռազմական բախումների շրջանում Գլիկերիան դարձյալ այցելել է Իսրայել, հանդիպում ունեցել վարչապետ Էհուդ Օլմերտի հետ, երգել դիրքապահ զինվորների համար[3]։
Չնայած բավականին առաջ գնացած տարիքին՝ երգչուհին շարունակում է ստեղծագործական գործունեությունը։